Իշխող ուժը լուրջ վտանգներ է զգում․ վարչապետի մակարդակով բուկլետներ են բաժանում․ հոգեբան (տեսանյութ)
Վարչապետն այնքան խիստ անհանգստացած է Սահմանադրական հանրաքվեի արդյունքներով, որ անձամբ սկսել է բուկլետներ բաժանել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Նա վստահ է, որ «Այո»-ի գաղափարն ի սկսզբանե պարտության է մատնվելու, քանի որ այն անիմաստ է և անօրինական։
«Որքան էլ անունը դնեն հեղափոխության վերջաբան կամ նման մեկ այլ անուն տան, Դոն Կիխոտի նման պայքարում են քամու դեմ, որովհետև հակառակ կողմից ընդհանրապես ոչ մի պայքար չկա»,- ասում է հոգեբանն ու նկատում, որ ամեն դեպքում իրավիճակը մարտի վերջին ավելի կսրվի, քանի որ Արցախում ընտրություններ են պատրաստվում, իսկ Հայաստանում՝ հանրաքվե։
«Այս հանրաքվե ասվածը պետք է առանց մեծ դժվարության անցկացվեր, բայց ինչպես տեսնում ենք՝ իշխող ուժերն այս առումով լուրջ վտանգներ են զգում և վարչապետի մակարդակով մետրոյում բուկլետներ են բաժանում»։
Միհրդատ Մադաթյանը համամիտ չէ այն տեսակետին, թե վարչապետի նմանօրինակ քայլերը զուտ դեմոկրատական նկատառումներով են պայմանավորված։ Ըստ նրա՝ 2 տարվա մեջ վարչապետը չիջավ, չհանդիպեց սևազգեստ մայրերին, չօգտվեց մետրոյից, չլսեց կառավարության դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող մարդկանց ու հիմա՝ հանրաքվեից առաջ, նա որոշել է ընդունել զոհվածների ծնողներին, հանդիպել մարդկանց ու մետրո նստել։
«Այս ամենը շինծու է, հատկապես որ այն համեմվեց կամրջից ընկնող քաղաքացուն փրկելու շոուով։ Այս ամենը շինծու է՝ թատրոն»,- ասաց բանախոսը։
Մադաթյանի խոսքով՝ իշխող ուժի առաջին նպատակներից մեկը քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբի ստեղծվելն էր։ Ըստ հոգեբանի՝ իշխանությունը շատ կցանկանար, որ այդ շտաբը ձևավորվեր որևէ քաղաքական ուժի կողմից, որի դեմ իրենք կպայքարեին, սակայն այսօր հակակշիռ չունեն իրենց դիմաց ու չգիտեն՝ ինչի համար և ում դեմ են պայքարելու։
«Քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու, և իշխանությունը, բոլոր գործերը թողած, ահռելի գումարներ է ծախսում, որ հանրաքվեն տեղի ունենա»,-ասում է Մադաթյանն ու հավելում, որ շեշտադրում արվում է հներին մերժելու վրա, սակայն հները ոչինչ չեն ասում, այլ ուղղակի նշում են, որ սա ապօրինի գործընթաց է։
«Ես չգիտեմ՝ հին ասելով ում են հասկանում, որովհետև ամենահինը Նիկոլ Փաշինյանն է»։