Օգնության սնունդը վաճառքի են հանել. Newspress.am-ը կդիմի դատախազություն. (տեսանյութ)


ognutyun

1988թ-ի երկրաշարժից հետո Հայաստանում սկսեց զարգանալ բարեգործական սեկտորը, այս շրջանում Հայաստան ուղարկված բարեգործական, մարդասիրական օգնությունը որոշակի տխուր նոտաներ ուներ, որը, ինչպես պարզվեց, հետագայում ավելի է խորացել: Բարեգործությունը նաև որոշ դեպքերում վերածվել է բիզնեսի, և անգամ խտրականություն չի դրվում երեխաներին ուղարկված սննդի և հագուստի միջև, չնայած տարիներ շարունակ բարեգործության մասին օրենքը գործում է և բարեգործությամբ զբաղվող բոլոր կառույցները պետք է բացառապես առաջնորդվեն օրենքով:

Newspress.am-ը բոլորովին վերջերս արձանագրեց, թե ինչպես է բարեգործությունը վերածվել անձնական և միջանձնային բիզնեսի: Այս տուփերը, որը տարիներ շարունակ ուղարկվում են Գերմանիայից Հայաստանի մանկական ասոցիացիային, տևական ժամանակ է, որ վաճառվում են Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասում:

Newspress.am-ի խմբագրությանը այս արկղը, որը ի սկզբանե պետք է բաժին հասներ ծնողազուրկ, անառողջ, սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաներին, վերը նշված հասցեի հարևաններից մեկի միջնորդությամբ առաջարկվել է գնել 15 հազար դրամով:

Ի սկզբանե Վարուժան Սեդրակյանի ղեկավարած ասոցիացիան է տարիներ շարունակ իրականացրել այս արկղերի բաշխումը: Ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանը Newspress-ին տեղեկացրեց, որ արկղերը բաժանել է գիշերօթիկ դպրոցներին, մանկատներին և մոտ 6 տարի առաջ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, Վարուժան Սեդրակյանը բաշխումն իրականացրել է իր կազմակերպության հետ աշխատող մոտ 78 ՀԿ-ների միջոցով: Մեզ հետ զրույցում նա չժխտեց, որ ինքը ի վիճակի չէ վերահսկել 78 ՀԿ-ների աշխատանքը, մինչդեռ այս պարագայում վերահսկողության պատասխանատվությունը բացառապես վերապահված է Վարուժան Սեդրակյանին և նրա ղեկավարած ասոցացիային:

Վարուժան Սեդրակյանը հրաժարվեց մեզ հատկացնել իր հետ աշխատող ՀԿ-ների ցանկը` ուղղորդելով մեզ այն ստանալ կառավարությունից, որտեղից էլ ստացանք: Կառավարության Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարիների ընթացքում բարեգործությունը առևտրի վերածված դեպքեր ևս գրանցվել են և գործերը ուղարկվել են դատախազություն: Նա մեզ ևս խորհուրդ տվեց դիմել դատախազություն:

Newspress.am ևս բոլոր փաստարկների ամբողջական հավաքագրումից հետո կդիմի դատախազություն:

Մանրամասները` տեսանյութում