Սևանն ինքնամաքրվում է. Թորոսյանն արձագանքել է Սևանի ճանապարհը փակած տնտեսվարողների պահանջին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սևանի տնտեսվարողների բողոքին ու պահանջին:
Նա մասնավորապես գրել է.
«Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:
Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ երեկ Սևանա լճի լողափերի տնտեսվարողները վաղ առավոտից հավաքվել են Սևանի քաղաքապետարանի դիմաց, ապա փակել Երևան-Սևան ճանապարհը: Նրանք պահանջում էին կառավարությունից ապատեղեկատվություն չտարածել, թե Սևանն աղտոտված է:
«Եթե թունավոր ու աղտոտված է` ինչու են Արարատյան դաշտ բաց թողնում այդ ջուրը, իսկ եթե աղտոտված չէ, ապա ինչու են ապատեղեկատվություն տարածում»,-ասել են բողոքի ակցիայի մասնակիցներն ու կառավարությունից պահանջել հստակություն մտցնել այս հայտարարության մեջ: