ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում եւ վաճառք, ինչպես նաեւ չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու եւ օրինական ընթացք չտալու համար պահանջել եւ որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով):
Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել եւ առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն: