Անօթևան եղվարդցիները 3 օր է՝ կառավարության դիմաց են. մի կնոջ ինքնազգացողությունը վատացել էր (տեսանյութ)
Արդեն 3 օր է, ինչ եղվարդցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հետ զրույցում նրանք պատմեցին, որ ուժայինները հանել են իրենց տներից ու հիմա դրսում են մնացել:
«Ես աշխատանքի եմ եղել, եկել եմ, տեսել՝ իմ 13 տարեկան երեխուն ոստիկանները ծեծելով հանել են: Ինչ գործ ունեն իրենք իմ աղջկա հետ»,- ասում է բնակիչներից մեկը: Մյուսները վստահեցնում են, որ նույն ճակատագրին են արժանացել:
Նրանք իրենց ընտանիքներով, մեծ ու փոքրով այժմ ապաստան են խնդրում վարչապետից, սակայն վերջինս դեռևս չի մոտեցել իրենց: Բնակիչների հետ միայն վարչապետի օգնականն է հանդիպել:
«Վարչապետի օգնականը մեզ ասաց՝ եկեք, վարձ տամ, գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք, գնացեք, աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»,- ասում է բնակիչներից մեկը:
Մյուսն էլ նկատում է, որ ինքը հաշմանդամոություն ունի և չի կարող աշխատել ու վարձ տալ:
Հանրակացարանի բնակիչները չեն պատրաստվում հեռանալ կառավարության բակից, քանի դեռ չեն հանդիպել Փաշինյանի հետ:
Ի դեպ, նկարահանումների ժամանակ բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: