Վլադիմիր Կլիչկոն մահից է փրկվել․ նրա վարձած շքեղ զբոսանավը Միջերկրական ծովում այրվել է (տեսանյութ)
Լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Միջերկրական ծովում զբոսանավով շրջելիս հազիվ է փրկվել․ նավում հրդեհ է բռնկվել։ Կրակը վնասել է նավի շարժիչը, նավն ափից հեռու մնացել է անշարժ։ Անձնակազմին հաջողվել է մարել կրակը սեփական ուժերով, միայն թե որոշ ժամանակ անց այն նորից է բռնկվել։
Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Կլիչկոն, ով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի կրտսեր եղբայրն է, Միջերկրական ծովում հայտնվել է մահվան սահմանագծին։
Diario de Ibiza պարբերականի տեղեկություններով՝ մարզիկը վարձել է շքեղ, 28 մետրանոց զբոսանավ (գինը մեկ օրվա համար հասնում է մինչև 7,2 հազար եվրոյի), որպեսզի ջրային զբոսանք կազմակերպի իր հարազատների և ընկերների համար։ Զբոսանավը դուրս է եկել Իբիցա կղզուց, ուր Կլիչկոն այցելել էր գերմանացի նկարչի ցուցահանդեսին, և շարժվել դեպի Պարմա-դե-Մայորկա քաղաք։
Միջադեպի վերաբերյալ Կլիչկոն նշել է․ «Այս իրավիճում ամեն ինչ լավ ավարտ ունեցավ Մայորկայի փրկարարների և մեր անձնակազմի շնորհիվ, որոնք ներդրեցին բոլոր ջանքերը, որպեսզի տեղի ունեցաղը վերահսկողության տակ պահեն և մեզ հնարավորինս շուտ ցամաք հասցնեն»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է գերմանական Bild պարբերականը։