Ցի՞րկ ա, ի՞նչ ա. Քոչարյանի գործով դատական նիստի ներկաներն աղմուկ բարձրացրին (տեսանյութ)
Եկեք չմոռանանք՝ ինչի համար ենք այստեղ հավաքվել ու չփորձել դատավարությունն արհեստական մեկնաբանություններով լցնել: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նրա այս հայտարարությունը դահլիճում նստածների կողմից ծափերով ողջունվեց: Քոչարյանի ընդդիմադիրներից մի կին, ով մինչ այդ ակցիա էր իրականացնում Վերաքննիչի բակում և այժմ տեղափոխվել էր նիստերի դահլիճ՝ տեղից բացականչեց. «Այո՛, ցի՞րկ ա, ի՞նչ ա»։
Այս արտահայտությունից վրդովվեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ հորդորելով դատավորին՝ ապահովել դատական նիստի կարգը։
«Հարգելի դատարան, չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է, ընդմիջումների ժամանակ վիրավորանք է հասցնում»,- հայտարարեց Սահակյանը։
Գործով դատավոր Արմեն Դանիելյանը հորդորեց տիկնոջը նստել իր տեղը, սակայն նա շարունակում էր վիրավորական արտահայտություններ հնչեցնել և բղավել:
Նախագահող դատավորն զգուշացրեց, որ եթե նա շարունակի՝ ստիպված կլինեն դուրս հրավիրել դահլիճից: Կինը չէր լսում դատավորին ու շարունակում էր նրա հետ հավասար բղավել: Արմեն Դանելյանը վերջին անգամ զգուշացրեց և կարգադրեց ոստիկաններին. «Հիմա կարգադրություն է հնչում. եթե մի անգամ էլ խոսեց, պարզապես հեռացրեք դահլիճից»,- ասաց նախագահող դատավորը:
Մանրամասները՝ տեսանյութում