Նուրսուլթան Նազարբաևից մինչև Սերժ Սարգսյան
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարաբևը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, մանրամասնել է, թե ինչու է որոշում կայացրել հրաժարական տալ։ Ղազախստանի Էլբասին ասել է, որ նման որոշում կայացրել է հանուն իր երկրում կայունության պահպանման։ Նազարբաևն ընդգծել է, որ իր որոշումը եղել է մանրակրկտորեն ուսումնասիրված ու ծանրութեթև արված, ինչպես նաև հանուն այն բանի, որ պահպանվեն այն արդյունքները, որոնք իր երկիրն ունեցել է այս 30 տարիների աշխատանքի շնորհիվ։
Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկի այս հայտարարությունը չափազանց ինտրիգային է ու ուշագրավ։30 տարի իշխանության ղեկին մնալուց, իշխանությունը որպես այդպիսին ուղնուծուծով վայելելուց հետո նա հեռացել է հանուն երկրում կայունության պահպանման։
Էլբասին ավաղ մանրամասներ չի ներկայացրել, սակայն երբ հետադարձ հայացք ենք գցում Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ գոնե վերջին 2 տարվա կտրվածքով, շատ բան է դառնում հասկանալի։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ռեգիոնում առանցքային պետություն է, կայացած, հզոր, հարուստ, որտեղ, սակայն, մեղմ ասած՝ կիսադիկտատորական ռեժիմ էր՝ գլխավորությամբ «Նուր Օթան»-ի ու նազարբաևյան կլանի։ Իհարկե, սա մի կողմից ապահովում էր կայունություն, սակայն մյուս կողմից այդ երկրի համար իրոք խոցելի հանգամանք էր՝ արևմտյան արժեհամակարգի տեսանկյունից դիտած, քանի որ դուռ էր բացում առնվազն նրա համար, որ փորձ արվեր այնտեղ ևս ժողովրդավարություն արտահանել, ու ասենք, գունավոր հեղափոխություն իրականացնել։
Ասել, որ Նազարբաևը դա չի հասկացել, նշանակում է չգնահատել ղազախստանյան ծեր աղվեսին։ Թերևս սրանով պետք է բացատրել նրա կողմից երբեմն-երբեմն Արևմուտքին ընդառաջ արված քայլերը, թեև, ընդհանուր առմամբ, Ղազախստանը ոչ միայն Մոսկվայի հավատարիմ դաշնակիցն է, այլ նաև եվրասիականության գաղափարական հայրերից ու առաջ մղողներից մեկը։ Սակայն սրանով հանդերձ, Ղազախստանը շատ ավելի ինքնուրույն էր ու սուվերենության ավելի բարձր մակարդակ ուներ, քան Հայաստանը, հետխորհրդային տարածքում։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և Սերժ Սարգսյանի հրաժարականը, հետսովետական տարածքում շատերի համար ազդակ դարձավ ունեցած պլաններում, կապված իշխանության ղեկին մնալու, սրբագրելու կամ փոփոխելու։
Նազարբաևը հասկանում էր, որ հետսովետական տարածք արտահանվող դեմոկրատիան մի օր թակելու է նաև իր դուռը, իսկ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայի լուռ հայացքի ներքո անկումից հետո, պարզ դարձավ, որ իշխանության փոխանցման ամենաճիշտ ու նաև քաղաքակիրթ տարբերակը վաղաժամ հրաժարականն էր։ Այս ամենի մասին, իհարկե, Նազարբաևը չի ասի, սակայն նրա հայտարարության տողերի արանքից այս ամենն առավել քան պերճախոս է երևում։
NEWSPRESS.am