Պուտինը Հայաստան կգա, բայց․․․հետաքրքիր մանրամասներ
Երեկ, ՀՀ վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտնի դարձավ, որ հոկտեմբերի մեկին Երևանում կանցկացվի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ։ Նիստին մասնակցում են տնտեսական բլոկի անդամ պետությունների ղեկավարները և, բնականաբար, նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այսպիսով, պարզ դարձավ, որ իշխանական ուժի կողմից ինտրիգային պաուզաներով ասված այն հայտարարությունը, թե աշնանը Պուտինը գալու է Հայաստան, մեծ հաշվով ոչ թե կոնկրետ Հայաստան այց է` պաշտոնական կամ պետական, այլ պարզապես ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող միջոցառման մասնակցության համար այցելություն, որի ընթացքում, բնականաբար, որպես հյուրընկալող կողմ ու նաև՝ կառույցում նախագահող պետության ղեկավար, Փաշինյանը պետք է հանդիպում ունենա նախագահ Պուտինի հետ։ Ճիշտ նույն կերպ, ինչպես միջակառավարական խորհրդի նիստի մասնակցության համար ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցն էր։ Սպասվում է, որ կլինի աշխատանքային քննարկում Փաշինյան-Պուտին ֆորմատով, թեև պաշտոնական Կրեմլը այս մասին դեռ լռում է։
Այդուհանդերձ, այս բարձրաձայնումն արդեն իսկ կարող է առիթ դառնալ մտորելու համար, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ կարող են խոսել երկու լիդերները։ Ինքնին հասկանալի է, առաջին պլանում հայ-ռուսական հարաբերություններն են լինելու, որոնք առաջվանը չեն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Ապա արդեն օրակարգային հարցերի հերթում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում եղած հարցերն են։ Խոսքը ոչ միայն ինտեգրացիոն գործընթացների վիճակի ու զարգացումների մասին է, որտեղ որոշ խնդիրներ էին առաջ եկել, ինչի մասին նույնիսկ ռուսական կողմն էր ահազանգել, այլ նաև՝ հատկապես ՀԱՊԿ-ի մասով, գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնում Բելառուսի թեկնածուի հաստատման հարցը, որը Երևանի պատճառով ներկայում առկախված է։
Իհարկե, բացառիկ կարևորության հարցը, գոնե հայկական կողմի համար՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված, այսպես ասած, «ռուսական պլանի» հետ կապված հստակեցումներն են։ Թերևս ակնկալելի է, որ այս ուղղությամբ որոշակի վերջնական խոսք արդեն ասվի Պուտինի՝ Երևանում գտնվելու օրերին, թեև մյուս կողմից, Երևանից կախված կլինի, իսկ ավելի կոնկրետ՝ Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան առաջիկա հանդիպումից, թե ինչ կասի Պուտինը հոկտեմբերին։
Կրեմլը բացահայտ կամ կուլուարային իր պահանջները ձևակերպել է Երևանին, ու եթե ներկա իշխանություններն այդ պահանջները ի կատար ածեն, ապա հնարավոր է, որ Պուտինը որոշակիորեն աջակցի Երևանին ու երկկողմ հարաբերություններում կամ ինտեգրացիոն ռեգիոնալ բլոկներում եղած խնդիրները հարթվեն։ Հակառակ պարագայում, Մոսկվան կավելացնի ճնշումը Երևանի վրա, ինչը իշխանության լինելիության հարցը կարող է բերել օրակարգ։
NEWSPRESS.am