«1000 դրամների» հիմնադրամը բացահայտեց ֆեյք 50 հազարը
Արդեն մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԵԽԽՎ բարձր ամբիոնից արած մի հայտարարություն՝ կապված Հայաստանում 50 հազար աշխատատեղի՝ ստվերից դուրս գալու հետ:
Այն, որ ԵԽԽՎ-ում նման հայտարարություն անելն ուներ հատուկ նպատակ՝ այն է՝ միջազգային հանրության աչքը մտցնել տնտեսական հեղափոխության սեփական օրինակը՝ փաստ է:
Փաստ է նաև, որ Փաշինյանը չէր հաշվարկել այդ հայտարարության հետևանքները՝ օրինակ, այն, որ եթե 50 հազար աշխատատեղ է ստվերից դուրս եկել, դա նշանակում է՝ 50 հազար քաղաքացի դարձել է հարկառու և ամեն ամիս 1000 դրամ է վճարում «1000 դրամների» հիմնադրամին:
Փաշինյանի ներկայացրած իրականության պարագայում՝ «1000 դրամները» պետք է իր մուտքերն ավելացներ ամենաքիչը 50 հազար անգամ, բայց ավելացրել է ընդամենը 5026 անգամ:
Այս պարզ մաթեմատիկական հաշվարկն այսօր խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
«Իմ ունեցած տեղեկություններով, հեղափոխությունից հետո՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ, այդ հիմնադրամի ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով, իսկ դա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է տեղափոխվել 5026 աշխատող»,-ասաց պատգամավորը, ինչը հերքել, վարչապետը, պարզապես չկարողացավ:
Խոստացավ հրահանգել պարզել՝ ինչպե՞ս է էդպես ստացվել, ինչպե՞ս կարող է ստվերից դուրս գալ 50 հազար աշխատատեղ, բայց այն արտացոլվի ընդամենը 5026–ի տեսքով:
Ընդունենք, որ տատանումը 100 կամ 200 աշխատատեղի մասին չէ. խոսքը գնում է 45000 աշխատատեղի մասին, իսկ սա հենց այնպես բաց թողնված թիվ չէ, սա հենց այն թիվն է, որը բացահայտում է էժանագին մանիպուլյացիան և ստվերի դեմ պայքարելու իմիտացիան:
Փաստորեն, «1000 դրամների» հիմնադրամը բացահայտեց ֆեյք 50 հազարը: