Քաղաքապետարանը երկար տարիներ ՀՀԿ-ին վարձակալությամբ տարածքներ է տվել՝ 1քմ-ն 250 դրամով. Հակոբ Կարապետյան (ֆոտո)
Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: Օրինակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494քմ տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության վրա, Վերնիսաժի հարևանությամբ գրասենյակային տարածք՝ մետրը 250 դրամով:
Համեմատության համար, օրինակ, Զեյթունում ես բնակարան եմ վարձակալում՝ մետրը մոտ 1800 դրամով: Սովորական տուն՝ համեստ «եվրոռեմոնտով» ու սովետական կահույքով: Զեյթունում:
Ասում են՝ Բուզանդի շենքի վիճակն էնպիսին է, որ տարածքի վարձակալության գինը բարձր լինել չի կարող: Օքեյ, բայց էդ դեպքում րս մի համեմատություն. նույն շենքում մեկ այլ կուսակցություն՝ Հայաստանի կոմկուսը տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով քառակի ավել՝ 1000 դրամ»,- գրել է խոսնակը: