Կարևոր բիզնես լուր՝ հայ արտադրողների և արտահանողների համար
Անցյալ շաբաթ՝ մարտի 29-ին, Եվրասիական Միությունում ուժի մեջ մտավ Նույնականացնող միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը։ Սա կարևոր լուր է նաև հայ արտադրողների ու արտահանողների համար, քանի որ այս համաձայնագրով փորձ է արվում միասնականացնել ապրանքների նույնականացումն ու մակնշումը ողջ եվրասիական տարածքում։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 2-ին՝ Ղազախստանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների կողմից։ Համաձայնագիրը կնպաստի ապրանքային հոսքերի թվայնացմանը և կձևավորի ապրանքային հոսքերի հետապնդման համակարգեր։ Համաձայնագիրը կստեղծի նույնականացման ու մակնշման միասնական սիստեմ, որով արդեն մակնշումը կլինի մի եղանակով, փոխընդունելի և փոխճանաչելի բոլոր անդամ պետությունների կողմից։
Մակնշում ստանալու համար անդամ պետությունը պետք է իր առաջարկը ներկայացնի այս կամ այն ապրանքի կամ արտադրանքի հետ կապված բոլոր անդամ պետություններին, որից հետո եվրասիական տնտեսական հանձնաժողովը երեք ամսվա ընթացքում դիտարկելու է առաջարկը, այնուհետև որոշում է կայացվելու։ Ընդ որում, եթե կոնսենսուսային որոշում չի կայանում բոլորի դեպքում, ապա երկու կամ ավելի պետություններ իրենց տարածքում կարող են մակնշման առաջարկն ընդունել՝ ըստ իրենց ազգային օրենսդրության պայմանների թելադրանքի։
Սա կարևոր է նրանով, որ նախ բարձրանում է շուկայի մրցունակությունը, եվրասիական տարածքի շուկայի խաղացողների համար խաղի կանոնների մասով շեշտադրվում է ավելի բարեխղճությունը, նաև շուկաները արդեն անդամ պետությունների մասով դառնում են ավելի պաշտպանված ու թափանցիկ, սպառողների համար էլ կստեղծվի հավելյալ երաշխիք, որ իր գնած ապրանքը կամ արտադրանքը օրինական է։