Ինչո՞ւ է Մարությանը սկսել մրոտել
Արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունները խոսում են ապօրինի կերպով սեփականաշնորհված հողերը պետությանը վերադարձնելու մասին:
Եթե Փաշինյանն այդ մասին խոսում է՝ հիշատակելով Մանվել Գրիգորյանին ու նրա տանը հայտնաբերված սեփականաշնորհման գրգույկների տրցակն, ապա քաղաքապետ Հայկ Մարությանը խոսում է այդ մասին՝ տալով մարդկանց անուններ, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ձեռք են բերել բարձր վարկանիշ, ընդ որում, բացառապես իրենց աշխատանքի շնորհիվ:
Խոսքն այս պարագայում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի մասին է, ով այդ վարչական շրջանն ինչպես իր քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանն ասաց, վերածել է դրախտի:
Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր Մարությանը դավթաշենցիներին հայտարարում, որ նրանք ապրում են դրախտում. Դրախտ, որը կարող էր այդպիսին լինել միայն թաղապետի ճիշտ աշխատանքի արդյունքում:
Սակայն Մարությանը կարճ հիշողություն ունի ինչպես կարմիր գծերից քաղաքն ազատելու, «Սանիթեք»-ի գարշահոտությունից երևանցիներին փրկելու, այնպես էլ այս հարցում:
Երեկ ավագանու նիստից հետո Մարությանը լրագողների հարցերին պատասխանեց ու հայտարարեց, որ Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանը չի պատկանում Երևան քաղաքին:
Մարությանին թվաց, թե ինքն աշխարհացունց հայտարարություն է անում, ինչին արագ արձագանքեց նախկին թաղապետը՝ իրազեկելով Մարությանին, որ թաղապետարանի այդ տարածքը վաճառվել է տասնամյակներ առաջ, որ այն այնքան հին էր, որ ինքը ցանկացել է այդ շենքը վաճառել ու նոր թաղապետարան կառուցել, սակայն գնորդ այդպես էլ չի գտնվել:
Բաղդասարայանի հիմնավորումներից պարզ է դառնում, որ հին շենքի վրա ներդրում կատարելու փոխարեն նախընտրում են գումար ներդնել նոր շինություն ստանալու համար. Մի՞թե վատ բան է ցանկացել.…
Իսկ հիմա այս փաստը Մարությանը, որը իր պաշտոնավարման օրվանից ի վեր որևէ դրական քայլ այս քաղաքի համար չի արել, դարձրել է մատի փաթաթան ու վարկաբեկում է նախորդներին:
Վարկաբեկում է ապօրինություններ կատարելու համար, մինչդեռ ճիշտ կլիներ՝ նախ դատարանով և փաստերով ասվածն ապացուցել, նոր հնչեցնել մարդկանց անուններ, բայց ինչպես ամեն հարցում, նոր իշխանությունն այստեղ էլ ամեն ինչ թարս է անում: