Արարատի մարզպետն ուսուցիչներին հրահանգել է դադարեցնել դասադուլը․ իրավիճակը լարված է (տեսանյութ)
Արարատի մարզի Ավշար համայնքի դպրոցում շարունակվում է դասադուլը։ Դպրոցում այս պահին իրավիճակը լարված է․ դպրոցում են տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը պահանջող ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ոստիկաններ, ովքեր եկել են ապահովելու տնօրենի անվտանգությունը՝ աշակերտներից ու մանկավարժներից։
Իհարկե, այս պարագայում չի քննարկվում, թե այդ ինչ պետք է անեն մանկավարժները կամ աշակերտները տնօրենին, բացի նրա հրաժարականը պահանջելուց և ընդհանրապես, չի քննարկվում, թե այս դրությամբ ավելի շատ ում իրավունքներն է ոտնահարված և ում անվտանգությունն է իրականում վտանգված՝ տնօրենի՞, որ իր զոռբայությամբ անտեսում է գրեթե ամբողջ գյուղի պահանջը, թե՞ աշակետների և ուսուցիչների, ում կարծիքն անտեսված ու արհամարհված է։
Ինչևէ, մարտի 12-ից սկսված դասադուլը շարունակվում է։ Ավշարցիները նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ մարզպետարան ներկայացնելու համար։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով էլ Արարատի մարզպետն ուսուցիչներին հրահանգել է դադարեցնել դասադուլն ու վերադառնալ բնականոն դասապրոցեսի։ Սակայն ուսուցիչները վճռական են տրամադրված․ կամ մենք, կամ տնօրենը: