Ինչի հանգեցրեց Արարատ Միրզոյանի չստացված հայրենասիրությունը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և այդ ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած բավական սուր «խոսքային մենամարտը» պարզվում է` անհետևանք չի մնացել։ Նախ, բարձրացվել են հարցեր, որոնք բավական ցավոտ են երկու կողմի համար էլ։ Ընդ որում, դրանց բարձրացումը գոնե դրանց բարձրացման նախաձեռնումn Արարատ Միրզոյանի կողմից բացարձակապես անտեղի էր, եթե չասենք, որ հերթական անգամ ցույց տվեց, որ մեր թրաշավոր իշխանավորները չափազանց դիլետանտ են արտաքին քաղաքականության հարցերում։
Ռուսերեն հայտնի ասացվածք կա՝ «Կեղտը մի տրորի, գարշահոտելու է»։ Եվ ահա հիմա արդեն, քանի որ Արարատ Միրզոյանը «կեղտը տրորել է», պետք է նաև պատրաստ լինել «գարշահոտելուն» դիմանալու։ Եվ այսպես, արդեն քանի օր է` վրացական մամուլում, վերլուծաբանների և փորձագետների շրջանակներում խոսում են Զուրաբիշվիլիի հայաստանյան այցի և դրա առանձին դրվագների մասին և այս համատեքստում բարձրացնում հայ-վրացական հարաբերություններում կուտակված հարցերը։ Նախ՝ վրացական մամուլի ուշադրությունից չի վրիպել այն, որ Երևանում փորձ է արվել կոծկել Զուրաբիշվիլիի պատասխանը Միրզոյանին և այդ փորձն իշխանական և իշխանամերձ մամուլը տիրաժավորել է։ Ապա՝ արդեն քննարկման հարց է դարձել հայ-վրացական սահմանի դելիմիտացիան։
Վրացական կողմում ֆիքսել են, որ, չգիտես ինչու, արդեն երեք տասնամյակ է հստակ սահմանագծում չիրականացնելու հետևանքով սահմանը սողում է դեպի Վրաստան և արդեն բավական խորացել է վրացական տարածքի մեջ, այն աստիճան, որ հայկական կողմում են հայտնվել անտառներ, գյուղատնտեսական նշանակության հողեր, նույնիսկ վանք-եկեղեցիներ։ Անուղղակի կերպով վրացի փորձագետները ակնարկում են, որ հայերը իրենց հողերն են զավթում։ Հաջորդիվ արդեն հայտարարություններն էին Ղարաբաղյան հակամարտության և դրան համարժեք Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրների մասին։ Ուշագրավ է այն, որ վրացի առանձին փորձագետներ այցի, այսպես ասած, վիճահարույց դրվագները համարել են որպես աջակցության ակտ Ադրբեջանին՝ Վրաստանի կողմից, այն համարելով «շատ դրական», հաշվի առնելով, իհարկե հարաբերությունների այն վիճակը, որը կա Բաքվի և Թբիլիսիի միջև։