Թուրքը մեզ ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, իսկ մենք հիմար աշակերտի նման դասեր չենք քաղում․ Վովա Վարդանով
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը համաձայն է այն տեսակետին, որ, սովորաբար, Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին հաջորդում են պատերազմական գործողություններ։ Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանը մշտական լարվածության մեջ է պահում հայերին։
«Մենք թուրքի նման ուսուցիչ ունենալով՝ միշտ վատ աշակերտ ենք մնում։ Թուրքը մեզ ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, ԵԱՀԿ-ն ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, հասարակություն, պատրաստվեք, որ հանկարծ չպարտվեք, որովհետև ձեր պարտությունը՝ ոչնչացում է։ Իսկ մենք չենք պատրաստվում․ մենք հիմար աշակերտ ենք, որովհետև դասեր չենք քաղում»,-ասում է Վովա Վարդանովն ու ընդգծում, որ ժողովրդին ո՛չ թե վախեցնել, այլ նախապատրաստել է հարկավոր։
«Ասում են՝ աննախադեպ զորավարժություն, ի՞նչն է աննախադեպ․ սումգայիթյան ջարդից հետո ոչ մի բան էլ աննախադեպ չէ։ Ձեռքին արմատուրա էր՝ դրանով խփեց, զենք էր՝ զենքով խփեց, ավտոմատ հայտնվեց՝ ավտոմատով կրակեցին։ Երբ գոռում են՝ գայլը, գայլը գայլը, օրերից մի օր էլ չեն հավատա, ու իրական գայլը կուտի մեզ»,- ասում է Վարդանովն ու հավելում, որ ո՛չ թե գոռալ, այլ աշխատել է պետք։
Նրա դիտարկմամբ՝ երբ անընդհատ ասում են՝ աննախադեպ, դա սովորեցնում է վտանգին, մինչդեռ պետք է մտածել ավելի լուրջ՝ մասնավորպես զենքի ձեռքբերման մասին, որով կարելի է հակահարված տալ թշնամուն։