Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը, վերջին հաշվով. Սաթիկ Սեյրանյանը՝ քաղաքապետարանի ծանուցումների մասին
Շատ հետաքրքիր է, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը փորձեց դասեր տալ և դեղին մամուլ անվանել այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին: Շատ զավեշտալի էր կարդալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից լրատվամիջոցներին ուղարկած ծանուցումներին՝ անհատույց ստացած տարածքները լքելու մասին:
Նա նշեց, որ երեկ՝ որպես Ժուռնալիստների միության նախագահ, զանգահարել է քաղաքապետի ընդունարան և ակնկալել կազմակերպել խմբագիրների հետ հանդիպում՝ մինչ ասուլիսը: Երկու անգամ ասել են՝ զբաղված է:
«Այնուհետև դրան հետևեց խոսնակի գրառումը Ֆեյսբուքում, ընդ որում՝ ոչինչ չասող, հարվածներ հասցնող մեդիաներին, որոնք հարցը բարձրաձայնում են: Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ճիշտ նկատեց, որ իրականում, փաստորեն, այս քայլով ավագանու որոշում է խախտվել, որտնահարվել, այսինքն՝ այն թուղթը, որոնք նրանք բաժանել են լրատվամիջոցներին, ապօրինի է: Այս ամեն ինչը տեղի է ունեցել ավագանու որոշմամբ, հետևաբար՝ քաղաքապետը կամ պետգույքի վարչության պետը չէին կարող հենց այնպես այսպիսի թղթեր ուղարկել»,- ասաց Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ որևէ լրատվամիջոց լաց լինելով պետությունից պայմաններ չի պահանջում, որ խոսքի ազատություն ապահովի: «Խոսքի ազատությունը նվաճել են լրագրողներ՝ իրենք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Եվ այո, հարգանք ենք պահանջում և այդպիսի վերջնագրերով խոսելու ոճը, չեմ կարող ասել, որ կարող է լավ բանի հանգեցնել: Սա նույն ձեռագիրն է, որը որդեգրել են նոր իշխանությունները քննադատական խոսքի նկատմամբ: Եթե կնկատեք, ապա այն մեդիաները, որոնք այդ թղթերից ստացել են, իշխանություններին քննադատող մեդիաներից են: Ես սա դիտարկում եմ մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպված քայլերից մեկը՝ կամ բերել իշխանական դաշտ, կամ դուրս եկեք: Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ: Ո՞վ է Հայկ Մարությանը, վերջին հաշվով: Սա վարչապետի կորղմից իջեցված որոշում է, հրահանգ է»,- ասաց Սեյրանյանը: