Ալեն Սիմոնյանը դրոշի խաչի մասին «սարկազմ» է արել
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետևություն է արել՝ Հայաստանի օրհներգը քաղաքացիների սրտով չէ։ Նա այս տեսակետին հանգել է ֆեյսբուքյան իր էջում հարցը քննարկման դնելով ու մեկնաբանությունները կարդալով։
Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նկատեց, որ միակ խնդիրն այն է, որ նոր օրհներգի հարցում դեռևս համաձայնություն չկա։ Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իրեն դիմում են նամակներով և խնդրում իր որոշումից հետքայլ չանել։
Ինչ վերաբերում է դրոշի վրա խաչ ավելացնելու մտահղացմանը, ապա դա, ըստ Սիմոնյանի, ո՛չ կատակ էր, ո՛չ լուրջ․ դա սարկազմ էր։
«Դա ես գրել եմ որպես հետգրություն և սարկազմ, բայց բոլորը լուրջ ընդունեցին և սկսեցին քննարկել․ իրենց գործն է։ Ես համարում եմ, որ ՀՀ դրոշը միգուցե լավը չէ, բայց ինձ համար ընդունելի է»,-ասաց նա։
Հարցին, թե արդյոք պետական գործիչն իրավունք ունե՞ր պետական զինանշանի հետ կապված սարկազմ անել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ սարկազմը ո՛չ թե դրոշին էր վերաբերում, այլ տեքստին, քանի որ շատերը տեքստը մինչև վերջ չեն ընթերցում, և ինչ-որ հատված վերցնում են ու դարձնում քննարկման առարկա։
«Ես ինձ թույլ չեմ տա, նույնիսկ օրհներգի հետ կապված սարկազմ անել ու կանգնելու եմ այդ օրհներգի տակ, քանի դեռ այն մեր օրհներգն է»,- ասաց նա։
Նա ընդունում է, որ առաջին 5 կարևոր խնդիրների մեջ չի մտնում օրհներգի հարցը, սակայն նկատում է, որ պետք է զբաղվել նաև այդ հարցերով։
«Ալեն Սիմոնյանը, իհարկե, հասկանում է, որ ավելի կարևոր խնդիրներ կան, իհարկե կան, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք և քննարկենք նման հարցերը։ Դուք տեսաք, որ քննարկումը ստացվեց»։
Անդրադառնալով օրհներգին՝ նա նկատեց, որ մենք ունենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան և կարիք չունենք «Իտալացի աղջկա երգ»-ի։