ՊԵԿ-ը գլուխ չի հանում՝ ում ձուն է, կոկորդիլոսն էլ սերտիֆիկատ չի տալիս․ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»
Դեռ նախորդ սեպտեմբերին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ասուլիսին աչքի ընկավ մի հայտարարությամբ՝ մարզում կոկորդիլոսներ են բուծելու։
Այն ժամանակ հարցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց․ ոմանք ծիծաղեցին, ոմանք ողջունեցին, ու անցավ, գնաց։
«Ազատության» կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ, հաղորդավարը փորձել է իմանալ, թե ինչ փուլում է կոկորդիլոսներ բուծելու հարցը։
Իհարկե, իր 40 հազար հա տարածքի մասին հայտարարությամբ ու մի քանի «բոց» տեսանյութերով աչքի ընկած մարզպետին պետք չէր այս հարցն ուղղել, քանի որ ակնհայտ էր՝ նա իր հերթական «բոց»-ն է անելու։
Բայց ի՞նչ պատկերացներ հաղորդավարը, որ «Զվարթնոց»-ը վիզա չի տալիս, ՊԵԿ-ում էլ չեն կողմնորոշվում՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի։
Մի խոսքով՝ քանի դեռ մարզպետն առայժմ խայտառակում է ո՛չ թե «ռեսպուբլիկան», այլ ընդամենը մի քանի կառույց, կարելի է նրա անհուսալի վիճակը ներել․․․
Ինչևէ, այս անգամ չենք փորձի մեկնաբանել նրա ասածները, քանի որ անկարելի է մեկնաբանել անմեկնաբանելին։
Պարզապես արձանագրենք․
Սարգսյանն ասել է, թե ներդրողի՝ Հայաստան գալու հետ կապված խնդիրներ կան. «Նա Տանզանիայից է, վիզա չէինք կարողանում տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որպեսզի կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրվի»:
Նա նաև նշել է, որ ՊԵԿ-ն էլ կոկորդիլոսի ձվերի հետ կապված որոշ խնդիրներ ուներ։ Իսկ ավելի կոնկրետ ասել է․ «Որոշ խնդիրներ կային նաև ՊԵԿ-ում, չէին կարողանում մեր գործընկերները բնորոշում տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞, թե՞ կենդանու ձու է»:
Ասել է թե՝ ՊԵԿ-ում չեն կողմնորոշվում՝ կոկորդիկոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի։
Այս մասին խոսելիս, Գարիկ Սարգսյանը մի առիթով նաև ասել է, թե ՊԵԿ-ում պետք է ճշտեն` դա թռչո՞ւն է, թե՞ կենդանի, քանի որ օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու։
«Մինչև այսօր մեզ չեն պատասխանում` կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկա՞տ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս»,-ասել է մարզպետը։
Հ․Գ․
Ի դեպ, Գարիկ Սարգսյանը, տեսնելով իր հայտարարության համացանցային բուռն արձագանքները, որոշել է ինքն իրեն օգնության հասնել։ Նա «Վիքիպեդիայից» մի հատված է գրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, թե ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, կոկորդիլոսների ամենամոտ ազգականները թռչուններն են․․․
Այսինքն, նա պարզել է, որ կոկորդիլոսները «ֆսյո ժե» թռչուններ են․․․
Մենք չգիտենք, թե ինչ «Վիքիպեդիա»-ից է օգտվել մարզպետը, բայց նկատենք, որ մեր իմացած «Վիքիպեդիա»-ում կոկորդիլոսը (լատ.՝ Crocodylus), կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, սողունների դասին պատկանող էնդեմիկ կենդանատեսակ է։
Մի խոսքով՝ մեկնաբանություններից զերծ մնալով՝ միայն կհիշենք դասականի խոսքերը․ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա…»։