Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը
Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի համար որպես քարոզչամիջոց աշխատող լրատվամիջոցներն ավետում են բենզինի գնի 10 տոկոս նվազման մասին՝ դա վերագրելով մենաշնորհների վերացմամբ և շուկայում նոր խաղացողի ի հայտ գալով:
Սա գազի թանկացման ֆոնին հասարակության առանց այն էլ լարված նյարդերը հանգստացնելու շատ հարմար և հեշտ տարբերակ է, որը փառքի դափնիներ կարող է պահովել նորօրյա իշխանությունների համար: Սակայն իրականում, բենզինի գնի էժանացման հետ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա կառավարությունը կապ չունեն. Սա մի երևույթ է, որն ուղղակիորեն կապված է նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների հետ:
Պարզվում է, որ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 85 դոլարից իջել է մինչև 50 ԱՄՆ դոլար, իսկ նավթի հենց այս տեսակից էլ բենզին են ստանում:
Բենզինի գինը էժանացել է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, հետևաբար, պետք չէ հերթական անգամ խաբել ժողովրդին և հայտարարել, թե վերացրել ենք մենաշնորհներն ու շուկան դարձրել ազատական:
Բենզինի գինը, անկախ կառավարության կամքից, կբարձրանա, երբ նավթի 1 բարելի գինը կրկին բարձրանա: Իսկ ինչ վերաբերում է նոր կառավարությանն, ապա «Գազպրոմ Արմենիա»-Կառավարություն բանակցությունների ավարտից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք Փաշինյանն ու իր թիմը կարող են «գին գցել»: