Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Այսօր 20-րդ դարի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1924-ին, Թբիլիսիում, հնավաճառի ընտանիքում։ Չնայած այն բանին, որ հայրը նրա հետ այլ հույսեր ուներ՝ կապված հնավաճառության ժառանգաբար փոխանցվող գործի հետ, սակայն Փարաջանովն այս առումով չարդարացրեց նրա հույսերն ու գնաց արվեստի գծով, հատկապես որ այդ շրջանում իշխանությունը ձերբակալում էր թանկարժեք իրերի առքուվաճառքով զբաղվողներին։
Փարաջանովը դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում:
Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
Սերգեյ Փարաջանովը մահացել է թոքերի քաղցկեղից` 1990 թվականի հուլիսին 21-ին Երևանում: