Ի՞նչ է ակնարկում Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը. քաղաքագետի մեկնաբանությունը
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը նա վերնագրել է՝ «Ի՞նչ է ակնարկում Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը»:
Երևանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին զգոնության կոչ անող հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Տոների ժամանակ նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված»: Սա իր տեսակի մեջ Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից արված առաջին հայտարարությունն է: Ի՞նչն է մղել ԱՄՆ դեսպանատանը հատկապես այս տարի նման հայտարարություն կատարել: Պատասախանը դժվար չէ գտնել:
Երբ սեպտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, թե Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար առաքելություն են իրականացնելու, շատերը հայտարարեցին, որ դա ոչ միայն Հայաստանը կանգնեցնելու է ահաբեկչական խմբերի հարձակումների սպառնալիքի դիմաց, այլև արժանանալու է ԱՄՆ-ի կոշտ արձագանքին: Նկատի առնելով այն փաստը, որ այսօր Սիրիայի իշխանությունների դեմ կռվող զինված խմբավորումները վայելում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությունը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ առաքելությունն ուղղված է լինելու հիշյալ խմբավորումների դեմ, դժվար չէ կռահել, թե ինչի մասին է ակնարկում Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը: