Ժամանակն է, տղե՛րք
Վաղը Նիկոլ Փաշինյանը երթ է իրականացնելու Երևանում: Բնականաբար, երթն ունի մեկ նպատակ՝ Փաշինյանը ցանկանում է տրամադրությունները ճշտել, հաշվարկել, թե քանի մարդ է իր հետ քայլելու:
Բնականաբար, եթե քայլողների քանակը քիչ լինի՝ Նիկոլ Փաշինյանը կպլանավորի քարոզարշավի ընթացքը, այն կրկին կբաժանի սևերի և սպիտակների, կգրի պաթոսախառն տեքստեր, դրանք կհնչեցնի աջ ու ձախ՝ քաղաքացիների մեջ գծելով այն ջրբաժանը, որը կարող է դառնալ արդեն քաղաքացիական պատերազմի հիմք ու պատճառ:
Մյուս կողմից՝ Փաշինյանը հավանաբար այս երթով ցանկանում է իր «մուսկուլները» ցույց տալ իր միակ ախոյանին՝ ՀՀԿ-ին՝ ցույց տալով, որ ինքը կարող է փողոց դուրս գալ ու մարդ հավաքել, իսկ ՀՀԿ-ն անգամ փողոց դուրս գալ չի կարող, և ստիպված է լինելու ընտրությունների քարոզարշավն անցկացնել դահլիճներում:
Հետաքրքիր է՝ Փաշինյանն իրավապահ մարմիններին իբրև թե հրահանգել է վարչական ռեսուրս չկիրառել. կիրառելու դեպքում՝ խոստացել է պատերին ծեփել, իսկ իրականում՝ Փաշինյանի թիմակիցները տակից աշխատանք են տարել և մոբիլիզացրել դպրոցների տնօրեններին՝ վաղը բավականին մեծ թվով աշակերտների ուղղորդելու Փաշինյանի զոնա:
Բնականաբար, որևէ ուսուցիչ չի հանդգնի այս մասին իրավապահ մարմիններին տեղյակ պահել՝ վստահ լինելով, որ բռնապետական Հայաստանում իր այդ քայլին կհաջորդի աշխատանքից ազատման դիմումը:
Ինչևէ, քանի որ Փաշինյանը, խոշոր հաշվով՝ թքած ունի, թե ինչ են մտածում իր մասին, ուստի, այս փուլում մեզ ոչինչ չի մնում անել, քանի ուշադիր հետևել վաղվա քայլերթին և արձանագրել, թե ինչ թիվ կկազմեն քայլերթի ընթացքում դպրոցականները:
Ի դեպ՝ վաղն աշխատանքային օր է և շատ խելք պետք չէ տեսնելու համար, թե ինչպես է վարչական ռեսուրս կիրառվել և աշխատանքային կոլեկտիվներ հավաքագրվել:
Վերջում՝ կոչ հասարակության ադեկվատ հատվածին՝ չմիանալ բեսպրեդելին: Լրջանալու ժամանակն է, տղե՛րք: