ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առնչությամբ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԳ նախարարության ներկայիս գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի կարևորագույն գործընկերների հետ հարաբերությունների շուրջ կատարվող քայլերին:
ՀՀ կարևորագույն դաշնակիցը տարածաշրջանում անկասկած հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանը Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապի կենսական կարևորություն ներկայացնող գործընկեր է, որը մեր երկրին օգնել է ծայրահեղ օրհասական իրավիճակներում:
Իրանի հետ հարաբերությունների սառեցումը մենք համարում ենք ճակատագրական սխալ: Անհասկանալի է ՀՀ ԱԳ նախարարի ոչ կոմպետենտ արձագանքը ստեղծված իրավիճակում: Հատկապես անհասկանալի է ՀՀ կենտրոնական բանկի ինտերվենցիան հայկական բանկերում իրանական ծագում ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային հաշիվների սառեցման գործում:
Մենք կարծում ենք, որ սա չի նպաստելու նոր իշխանությունների կողմից արտաքին քաղաքականությունը կարգավորելու խնդրին: Զարմանալիորեն, ԱԳ նախարարության արձագանքը միջազգային սկանդալի տարրեր պարունակող այնպիսի գործի շուրջ, ինչպիսին էր Սլովակիայից Ադրբեջան խիստ մահաբեր զենքի տեղափոխումը, բացառիկ անհամարժեք էր, եթե չասենք զրոյական:
Հետաքրքիրն այն է, որ խաբեբայություն պարունակող այդ գործարքի երրորդ կողմը՝ Իսրայելն, ի վերջո, համարժեք կերպով արձագանքեց՝ պաշտոնից հեռացնելով Իսրայելի պաշտպանության նախարարին: Միևնույն ժամանակ, պետական դավաճանության տարրեր պարունակող այս գործարքի հետ կապված անձանց, այն է՝ ԱԳ դիվանագետների շուրջ Հայաստանում որևէ դատապարտող գործողություն չի գրանցվել:
ԵՀՄՖ-ն իր պարտքն է համարում ՀՀ վարչապետի ուշադրությունը հրավիրել այս փաստերի վրա՝ հուսալով, որ կկատարվեն շտկումներ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները վերականգնելու և Սլովակիայի ԱԳ նախարարության կողմից իրականացված խայտառակ գործարքի հարցում: