Նողկալի է, երբ վայրահաչում են, թե՝ փող չունեք, երեխա մի ունեցեք. ծնելիության խնդիրն ազգային անվտանգությանը սպառնալիք է
Միջազգային երկու խոշորագույն լրատվական կազմակերպությունների՝ SEEMO-ի և IPI-ի խորհուրդների անդամ, NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի ավագանին օրերս փոքրիկ բնակարան հատկացրեց Շաբոյանների բազմազավակ ընտանիքին: Խնդրին անդրադարձել էինք կայքի միջոցով, բնակարանը փոքր է ու ապրելու համար անհարմար: Բայց հիմա դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ: Ուզում եմ անդրադառնալ որոշ դատարկագլուխների մեկնաբանություններին՝ այդ նյութին: Պարզապես ողբերգություն է, երբ մարդուն կարող են ասել՝ երեխա մի ունեցիր, որովհետև չես կարողանալու պահել: Յուրաքանչյուր նորմալ պետություն պետք է ոչ միայն պետք է աջակցի բազմազավակ ընտանիքներին, այլև ծնելիության բարձրացումը դարձնի պետական քաղաքականություն, առաջնային խնդիր: Այսինքն՝ այս և համանման պարագաներում, այո, պետությունը պարտավոր է գլխին դրած պահել բազմազավակ ընտանիքներին: Ու այս հարցը «մեր» ու «ձեր» իշխանություն չի ճանաչում, կուսակցություն ու ընտրություն չի ճանաչում, նույնիսկ սև ու սպիտակ չի ճանաչում: Սա բոլորիս, տառացիորեն բոլորիս մտոհոգվելու հարցերից է:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք կամաց-կամաց դեմոգրաֆիական խնդրի առաջ ենք կանգնում, մենք քանակապես նվազում ենք և դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է: Այդ նույն երեխան է, ում վաղը, նույն պետությունը, առանց հարցնելու՝ ուզում է նա գնալ ծառայել այդ պետությանը, որն իրեն չի պահել ու անտուն է մեծացրել, վերցնելու է ու տանի առաջնագիծ:
Նույն աղջիկն է, ում ասելու է՝ պարսիկի ու ռուսի հետ մի ամուսնացիր, որովհետև... հայ հո՜ղ, հայ ջո՜ւր, հայ կնի՜կ: Հասկացաք:
Կրկնում եմ՝ նողկալի է, երբ հայ ազգը բազմացնող, կամ որ նույնն է՝ հզորացնող ընտանիքի մասին կարող են վայրահաչել, թե՝ փող չունեք, երեխա մի ունեցեք: Տխմարնե՛ր, Հայաստանում հավանաբար հատուկենտ մարդիկ կարող են իրենց երեխաներին ուզածի պես, կատարյալ ձևով պահել, ուրեմն, ի՞նչ, եղած (ավելի շուտ՝ չեղած) 3 միլիոնից էլ պակասենք ու մի օր էլ վերանա՞նք: Ու դեռ 5 միլիոն դառնալու երազա՞նք ունենք: Առանց գործուն քայլերի՝ նման երազանք հայտնելը պոպուլիզմ է, եթե ոչ ցնդաբանություն:
Այո՛, մենք այն պետությունն ենք, որին օդի ու ջրի պես մարդկային ռեսուրս է անհրաժեշտ ու շատ երեխաներ ունենալը պարտադիր պիտի խրախուսվի՝ պետության ու քաղաքացիների կողմից: Իսկ եթե ոմանք չեն ունենում շատ երեխաներ՝ սեփական անձին նեղություն չտալու կամ գուցե ավելի հարգելի պատճառներով, ապա գոնե հոգեպես աջակցեն ու չխանգարեն մյուսներին՝ ուժեղացնելու պետությունը»: