Միայն քրտնաջան աշխատանքի և մարզիչների խորհուրդների շնորհիվ էր. Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի ռեկորդակիր դառնալու մասին
Ինչի համար գնացել էի, դրանով հետ եկա: Շատ ուրախ եմ դրա համար և հպարտ: Այդ մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը:
«Դա միայն քրտնաջան աշխատանքի և մարզիչների խորհուրդների շնորհիվ էր: Դրա համար ես պատրաստվել էի, գնացի և արեցի»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը՝ խոսելով իր գրանցած ռեկորդի մասին:
Հարցին, թե անվստահություն կա՞ր, որ կարող է չստացվի, մեր չեմպիոնը պատասխանեց, որ եթե անվստահություն ունենար, ապա չէր էլ գնա:
Անդրադառնալով խնդրահարույց դրվագին, երբ մրցավարները պոկում վարժության ժամանակ չֆիքսեցին Սիմոնի բարձրացած 197 կիլոգրամը, ծանրորդը պատասխանեց, որ դա իրեն զրկեց միայն փոքր ոսկե մեդալից, այլապես ինքը գիտեր՝ հրում վարժությունում ավելի ուժեղ է:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնությունում մրցում էր 109 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում Սիմոնը բարձրացրեց 195, իսկ հրումում՝ 240 կիլոգրամ: Նրա բարձրացրած ընդհանուր 435 կիլոգրամը համաշխարհային ռեկորդ էր: