Դուռը կփակենք, կգնանք երկրից․ ցմահ դատապարտվածների ծնողների վերջին հույսը Փաշինյանն է
Մինչ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, քննարկվում է համաներում հայտարարելու հարցը, ցմահ դատապարտյալների հարազատներն ակցիա են անում ԱԺ դիմաց։
Նրանք պահանջում են, որ համաներումը տարածվի նաև իրենց հարազատների վրա։
«Ամեն մի դեպուտատ, որ հիմա ԱԺ-ում նստած է, թող առաջին հերթին մտածի որպես ծնող։ Ես մայր եմ ու ցավում եմ տղայիս համար, բայց հասկանում եմ, որ չի կարելի բոլորին համաներում տալ։ Բայց եթե մեղք չունեն մարդիկ, ինչի՞ ցմահ դատապարտվեն։ Իմ տղան մեղավոր չէ, ապացույց չունեն, բայց դատապարտել են»,- լրագողների հետ զրույցում ասաց Ֆենյա Քոչարյանը։
Կանանցից մեկն էլ՝ տիկին Սոնյան, նկատեց, որ հույսեր են կապում Նիկոլ Փաշինյանի հետ․ «Նրա մի կանչով ժողովուրդը հավաքվել ա, իրա կողքին ա եղել, բայց եթե հուսահատեցրեց, բոլորը կարտագաղթեն, խոսել ենք, բոլորն ասում են՝ դուռը կփակենք, կգնանք երկրից․ Փաշինյանը ժողովրդի վերջին հույսն ա։ Ինչի՞ պետք ա զինվորին ցմահ դատապարտեն»։
«Եթե ես փող ունենայի, իմ տղան վաղուց երկրում չէր լինի»,- ասաց ծնողներից մեկը՝ նկատելով, որ իր ականջով է լսել, թե ինչպես են դատավորներն ասում, թե անմեղներին դատում են, մեղավորներին՝ ազատում։
«Անարդար է՝ ոչ մի ապացույց չունեն, որ մեր տղան մեղավոր է, ու ցմահ դատապարտվել է, արդեն 15 տարի ա լինում՝ նստած ա։ Եթե մեղավոր է՝ թող դատվի, բայց պետք է վերանայեն գործերը։ Ես իմ եղբոր տղայի համար եմ եկել ու տեսնենք, թե ինչ ենք անում»,- ասաց տիկին Սոնյայի եղբայրը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագծի քննարկումն է։