Հայկ Մարությանը կարևորում է Տարոն Մարգարյանի տեղակալների պրոֆեսիոնալիզմը. երկուսին առաջարկել է խորհրդական դառնալ
Իմ առաջարկը եղել է Վահե Նիկոյանին շարունակել պաշտոնավարումը որպես խորհրդական, նա հրաժարվել, է, բայց միևնույն ժամանակ ասել է, որ պատրաստ է ինչքան որ պետք է, օժանդակել մեզ ինֆորմացիայի փոխանցման մեջ: Այդ մասին ավագանու նիստից հետո ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե որպես պրոֆեսիոնալ կադր՝ նրան առաջարկ արվե՞լ է շարունակել պաշտոնավարել:
Ինչ վերաբերում է Կամո Արեյանին, ապա Մարությանը նշեց, որ և՛ Կամո Արեյանի, և՛ Վահե Նիկոյանի պրոֆեսիոնալիզը և ինստիտուցիոնալ հիշողությունն ինքը շատ կարևորում է. «Կամո Արեյանի հետ զրույց կունենանք: Եթե կհամաձայնի խորհրդականի դերում ստանձնել այդ օգնությունը, ես կուզենամ, որ լինի, եթե ոչ, ապա նույնպես պետք է փոխանցի իր գիտելիքները, բոլոր ինֆորմացիան մեր այն մարդուն, ով փոխարինելու է իրեն»:
Հարցին, թե եթե վերոնշյալ անձինք նախկին իշխանությունից չլինեին, ապա փոխքաղաքապետի դերում Մարությանը կտեսնե՞ր նրանց, վերջինս պատասխանեց. «Գիտե՞ք՝ այդտեղ շատ հարցեր կան, որովհետև քաղաքական թիմը փոխվել է պետք է փոփոխություն լինի: Ես պետք է ունենամ նաև մարդիկ՝ իմ փոխքաղաքապետերը, որոնք տանելու են մեր գիծն առաջ»,- ասաց Մարությանը: