Տնտեսագետը հեռանկար չի տեսնում, գործարարը մտահոգված է, ու միայն Փաշինյանն է հայտարարում լավատեսության մասին
Թեև տնտեսագետների գնահատմամբ երկրի տնտեսական վիճակը մտահոգիչ է, ու գործարարներին էլ անհանգստացնում է այն, որ տնտեսական ցուցանիշների նվազման միտումներ են ցույց տվել, սակայն վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն այդպես չի կարծում:
Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ կարգին է, գործարարներն էլ իբր լավատեսությամբ են զինվել: Ավելին՝ ըստ վարչապետի ԺՊ-ի՝ թվերը ցույց են տալիս, որ ամեն ինչ կարգին է:
Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Իսկ այն, որ մենաշնորհը տեղի չի տալիս, պարզվում է՝ երկրի տնտեսական կառուցվածքն է մեղավոր:
«Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ, ցավոք սրտի, տնտեսության վիճակը կախված է 1-2 ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: Ասենք, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնի, որ տնտեսության մեջ մի հատ մինի փոթորիկ առաջացնի. հույս ունեմ՝ այդպիսի մարդիկ գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք և քամի չեն ցանի, որովհետև ի պատասխան քամու՝ փոթորիկ կստանան»:
Հարկ է նկատել, որ դեռ օրերս տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում, ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին խոսելով՝ նկատեց, որ հաջողության վրա հույս դնել կարելի է միայն այն դեպքում, եթե Հայաստան նոր ներդրումներ հոսեն, իսկ դրանք կլինեն միայն այն ժամանակ, երբ արտասահմանյան ներդրողները կարողանան տեսնել դրա համար անհրաժեշտ պայմանների առկայությունը։
«Այսօրվա դրությամբ մենք ինչ-որ հատուկ հեռանկարներ չունենք»,- ասաց տնտեսագետը:
Նրա գնահատմամբ՝ դրական միտում արձանագրելու համար տնտեսությունը բազմաթիվ ուրիշ ցուցանիշներ ուներ, բայց փաստորեն այս հինգ ամիսների ընթացքում այդ սպասումը չարդարացավ:
Իհարկե, կարելի էր ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, հատկապես թանկացումների ֆոնին, մեղմել աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացման, սակայն ինչպես պարզվեց՝ 2019թ․-ի բյուջեով չի սպասվում ո՛չ աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացում:
Տնտեսագետի գնահատմամբ՝ ընդհանրապես Հայաստանում ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների օրոք չեն եղել նախադրյալներ և տենդենցներ, որոնք կնպաստեին թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը։
«Աշխատավարձը չբարձրացնելը, իհարկե, կազդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, որում հայտնվել ենք՝ գնաճի հետևանքով: Դա հատկապես վատ կազդի հատկապես այն քաղաքացիների վրա, ովքեր համեստ եկամուտներ ունեն։ Այսինքն՝ Հայաստանում ապրող քաղաքացիների ճնշող մեծամասնության վրա»,- եզրափակեց տնտեսագետը: