Հեղափոխության պաշտպան, ամենասկզբունքային անձինք, մի քանի շաբաթվա մեջ քարուքանդ են եղել. Փաշինյան
«Անարդյունավետ կառավարում ցույց տված պաշտոնյաները չեն կարող լինել իշխանության մեջ»: Այսօր, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իր հայտարարությունն առնչվում է ոչ միայն նախկին, այլև ներկա կառավարությունը:
«Իսկ ո՞վ է ասում, որ նոր պաշտոն ստացողները հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ ու սթրեսներ եմ ապրել, երբ մարդիկ հանդես գալով որպես հեղափոխության պաշտպան, ամենասկզբունքային անձինք, մի քանի շաբաթվա մեջ քարուքանդ են եղել: Ես չեմ կարող այս մասին չասել: Դա անազնիվ կլինի ժողովրդի առջև»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ կառավարության դեմ ուղղված քննադատությունները նորմալ է ընդունում և դրանցից հետևություններ է արվում:
«Ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, որոնք խոշորացույց տակ են առնում պաշտոնյաների գործունեությունը, ունեցվածքը: Որևէ մեկը չի ուզում տեսնել անողնաշար, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող, նոկաուտի ենթարկվող կառավարություն: Ցանկացած երկրի համար ամենամեծ աղետը թույլ կառավարությունն է, թույլ ղեկավարն է: Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ, այնտեղ, որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, այնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է և ամուր կանգնելու է ոտքերի վրա»,- հայտարարեց Փաշինյանը: