Ազատ, գիտակից և պրոֆեսիոնալ կամարտահայտման տիրույթը բացակայում էր ՏԻՄ ընտրություններում․ Անուշ Սեդրակյան
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դարձյալ աշխատեց ազդեցությունների ոլորտը։ Լրագրողների հետ հանդիպմանն իր կարծիքը հայտնեց քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը։
Մասնավորապես, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններին՝ նա նկատեց, որ աշխատեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործոնը, ում որդին՝ Սևակ Միքայելյանն ընտրվեց քաղաքապետ։
Նա դրական է որակում այն, որ ներկապնակը փոխվել է՝ կան տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ, սակայն նկատում է ժողովրդի կամարտահայտությունը դեռևս նեղ շրջանակում է։
«Երբևէ, որևէ քարոզչության մեջ, սոցիալական ցանցերում, թերթերում չներկայացվեցին թեկնածուների ծրագրերը։ Եթե նույնիսկ այդ ծրագրերից հնչեցվել են, ապա մղվել են երկրորդական պլան»,- ասում է Անուշ Սեդրակյանը։
Նա մատնանշում է Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից Լևոն Ստեփանյանին, ով ներկայացրել է բավականին ծավալուն, մշակված և շահեկան ծրագիր, սակայն այն չաշխատեց։
«Լավ է, երբ հեղափոխությանը չեն հակառակվում, սակայն մենք պետք է արագ թևակոխենք երկրորդ փուլ, իսկ դա այն է, թե ինչպես է կայանում պետությունը։ ՏԻՄ-ից սկսվում է պետության առաջին փուլը, որի մեջ մեծ դեր ունի ազատ, գիտակից և պրոֆեսիոնալ կամարտահայտման տիրույթը»,- նկատում է քաղաքական գործիչը՝ նկատելով, որ ինքն այդ տիրույթը չի տեսնում։
Նա ընդգծեց նաև, որ այս ՏԻՄ ընտրություններով վերջնական առաջխաղացում չունեցանք։