Ցավում եմ, որ որոշ ուժեր գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովն այսօր չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում այն կանցկացվի հին Ընտրական օրենսգրքով, ասել է թե՝ ռեյտինգային ընտրակարգով:
Այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։
Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկաններ ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։
Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ֊ն և Իմ քայլը դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով։
Հարգանքով և խաղաղվելու հերթական մաղթանքով՝
Արարատ Միրզոյան»: