ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումներ են եղել
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը պնդում է՝ այն, որ մի շարք պատգամավորներ փոխել են իրենց դիրքորոշումը՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, նրանց նկատմամբ եղել են ճնշումներ։
Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունն ընդունեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ այդ 15 պատգամավորները հակառակ կարծիք են հայտնել։
«Կարծիքի նման փոփոխությունը պայմանավորում եմ նրանով, որ մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը։ Անգամ որոշ պատգամավորների վրա փորձում էին գտնել արտերկրից ճնշումներ գործադրելու հնարավորություններ։ Չեմ բացառում նաև՝ ինքնուրույն դարձի եկողներ են եղել, ինչպես սիրում է ընդդիմադիր մամուլն ասել»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ ճնշումներ են եղել, սակայն նշեց, որ ճնշումները եղել են ներողամտություն ցուցաբերելու խոստումով։
«Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ բաշխել, ֆեյսբուքյան ստատուսներով գրում է՝ ով է ճիշտ, ով է սխալ, ում պետք է քաջալերել։ Այդ գործընթացը, իհարկե, միջնադար է հիշեցնում, երբ կաթոլիկ եկեղեցու ղեկավարները փորձում էին մեղքերի թողության փաստաթղթեր թողարկել։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որ պետք է նման ինդուլգենցիաներով զբաղվի։ Ինդուլգենցիաներ բաշխողի անունը Նիկոլ Փաշինյան չէ, այլ Հիսուս Նազովրեցի է եղել»,- ասաց Աշոտյանը։