«Գողն ու ուռողը». ինչո՞վ են տարբերվում նախորդներից
Երեկվանից Ազգային ժողովում էժան վարքագծով են աչքի ընկնում «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը:
Նախորդներից ոչնչով չտարբերվող այս զույգն ամեն կերպ փորձում է իր հավատարմությունը ապացուցել իրենց ղեկավարին: Իրականում, Ալեն Սիմոնյանը ապացուցման կարիք ունի, քանի որ քաղաքական տարբեր փուլերում հասցրել է անհամաձայնեցված քայլեր կատարել, օրինակ, Երևանի քաղաքապետ դառնալու երազանքի ճանապարհին առանց զգուշացման վայր դրեց մանդատն ու փոշմանեց:
Չնայած՝ Ալեն Սիմոնյանն ինչքան էլ փորձում է ժողովրդի աչքին բարձրանալ, քաղաքական կարիերա անել, բայց այդպես էլ քաղաքականության մեջ անհատականություն չի կարողանում դառնալ: Նա շարունակում է մնալ մարդ, ով այս կամ այն երգչի համերգներն է կազմակերպում, հարսանիքներին մասնակցության «հախ ու հաշիվն է» տեսնում, կամ էլ անպատասխանատու հայտարարություններ է անում՝ կապված մարիխուանայի օրինականացման հետ: Այս պատգամավորի կարծիքով՝ պետության համար թշնամի է, օրինակ, Արմեն Աշոտյանը, բայց մարիխուանայի օրինականացումը պետական շահ է: Սա համարժեք տրամաբանությունն ունի, ինչ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևը «կիրթ մարդ է», իսկ «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մարդասպաններ» մտքի գոհարները: Այս կարծիքները թերևս ողջ քաղաքական թիմի 3D հայելիներն են, որոնք պատկերավոր ներկայացնում են այս թիմի «սևերի ու սպիտակների պատմությունը»:
Անդրադառնալով Լենա Նազարյանի՝ քարտերի գողության դեպքին՝ հիշեցնենք, որ կրկնօրինակում է Զարուհի Փոստանջյանի քայլերը և գուցե փորձում է Փոստանջյանի կերպարի մեջ մտնել: Կար ժամանակ, երբ Փոստանջյանն իսկապես բարձր վարկանիշ ունեցող պատգամավոր էր և նման քայլերն էին հենց նրան օգնում:
Պետք է նկատել, որ Լենա Նազարյանն այս իշխանությունների ժամանակ կյանքի լրջագույն ակտիվացում է գրանցել: Բացի այն, որ օդից ընկավ պատգամավորական աթոռին, այժմ էլ ամուսինն է բավականին բարձր պաշտոն զբաղեցնում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն է:
Դուխով» ու «դզված» թիմը բնական է, որ ամեն կերպ փորձում է պահել այս իշխանությանը և զբաղեցնել այն պաշտոնները, որոնք հեքիաթի խնձորների նման երկնքից ընկան գլխներին: