Ցունամի՝ Ինդոնեզիայում. կա 48 զոհ և 356 վիրավոր
Ինդոնեզական Սուլավեսի կղզում ուրբաթ օրվա երկրաշարժերի ու փոթորկի պատճառով մահացածների թիվը հասել է 48 մարդու։ Եվս 356 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի ու 12 վիրավորի մասին։
Արտակարգ դրության գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ կառավարությունը զոհերի ու վիրավորների թվի հաշվարկ կարողացել է կատարել միայն Պալու քաղաքում։
«Սրանից հետևում է, որ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև ավերածությունների թիվը, հավանաբար, կաճի»,- ասել է գործակալության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը առավոտյան Սուլավեսի կղզու ծովափնյա հատվածում` Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ 10-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։
Ավելի ուշ նույն շրջանում ֆիքսվել է ևս մեկ երկրաշարժ՝ 7,4 մագնիտուդով, որին հետևել են ցնցումներ։ Հետո լրատվամիջոցները հայտնում էին, որ Պալու քաղաքում փոթորիկ է բարձրացել, որի հետևանքով ջրի ալիքները հասել են 2 մետրի։
Կառավարությունը որոշում է կայացրել փակել մայրաքաղաքի օդանավակայանը։