Պեսկով․ Պուտինը Փաշինյանի հետ Հայաստան իր այցի հեռանկարները չի քննարկել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, սակայն ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի հեռանկարները չեն քննարկվել։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի հետ, կարճ զրույց է ունեցել նաև Դոդոնի հետ։ Առայժմ այսքանը»,- ասել է Պեսկովը։
Հարցին, թե քննարկե՞լ է արդյոք Պուտինը Փաշինյանի հետ Հայաստան իր այցի հեռանկարները, Պեսկովը բացասական է պատասխանել․ «Ոչ, այլ օպերատիվ գործերով են շփվել»,- հայտնել է Պեսկովը։