Ռուսներն ասում են՝ խնդիրը ձեզ մոտ ման եկեք, բայց հենց իրենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների թույլտվություն չեն տալիս (տեսանյութ)
Դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները փաստի առաջ են կանգնել. նրանք համապատասխան թույլտվություն չեն ստանում ուղևորափոխադրումներն իրականացնելու համար: Վարորդներն այսօր հավաքվել էին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիմաց ու իրենց հարցին լուծում էին պահանջում:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում բողոքող վարորդներից մեկը նշեց, որ իրենք յուրաքանչյուր մեքենայի ուղևորափոխադրման համար յուրաքանչյուր անգամ 50 հազարական դրամ են վճարել, ինչը բավականին թանկ է:
«Նույն թույլտվությունները Ռուսաստանում արժեն 270 ռուբլի, Վրաստանում՝ 70 լարի»,- ասաց նա:
Նախարարությունից վարորդներին բացատրել են, թե՝ Ռուսաստանն է, որ թույլտվություն չի տալիս. «Եթե չեն կարողանում աշխատել ռուսի հետ, թող նենց մարդկանց նշանակեն, որ կարողանան աշխատել: Մի հատ հասարակ թղթի հարց չեն լուծում: Նախկինում մենք աշխատել ենք՝ առանց էդ թղթի, ու մեզ ոչ մեկ նեղություն չի տվել Ռուսաստանում: Մինչև հիմա: Ասում են՝ խնդիրը ձեզ մոտ ման եկեք, մենք ուրախ ենք, որ դուք գալիս-գնում եք»,- ընդգծեց վարորդը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն էլ, ով եկել էր հանդիպելու վարորդների հետ, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ խնդիրն ամենևին էլ հայ-ռուսական հարաբերությունների ու քաղաքականության հարթակում չէ:
«Ընդհանրապես քաղաքական խնդիր չէ, որովհետև մենք ունենք համաձայնագիր, ըստ որի՝ մենք պետք է մրցույթ անենք, կանոնավոր ուղևորափոխադրումներով զբաղվենք, իսկ հիմա մրցույթը շահող ուղևորափոխադրողները չեն կարողանում այնտեղ պարիտետներ կնքել ու, ըստ այդմ, դառնում են ոչ կանոնավոր: Այսինքն՝ փաստացի կանոնավորները, որոնք շահել են մրցույթը, չեն կարողանում պարիտետ կնքել ու նորից մնում են այդ թույլտվությունների հույսին, իսկ ռուսական կողմի համար էլ դա որոշակի պրոցես է, ասում են՝ համաձայնագիր ունենք, եկեք կանոնավոր աշխատենք, ինչո՞ւ ենք ոչ կանոնավոր աշխատում»:
Այնուամենայնիվ, փոխնախարարը նշեց, որ վարորդների հետ հանդիպումն այսքանով չի ավարտվում. վաղն առավոտյան ինքն իր աշխավայրում կընդունի վարորդների մի քանի հոգանոց խմբի՝ խնդիրն ավելի մանրակրկիտ քննարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Աստղիկ Հովհաննիսյան