Հայաստանում է պահվում Մոցարտի ամենաարժեքավոր փաստաթղթերից մեկը․ Ի՞նչ է գրված այդ նամակում
Սովորաբար, դասական երաժշտություն սիրում ու լսում են քչերը, սակայն այդ ամենի հետ մեկտեղ շատերը միանշանակ լսել են Մոցարտի հայտնի ռեքվիեմը ու երաժշտության առաջին հնչյունների հետ մեկտեղ իմանում են, որ այս երաժշտության հեղինակը Մոցարտն է։
Հանճարեղ երաժիշտի կյանքն իսկական արվեստագետի կյանք էր՝ լի ուրախ ու դառը օրերով։ Սովորաբար, հանճարների համար շատ բարդ է ապրել իր ժամանակաշրջանում ու իր ժամանակում ապրող հասարակության մեջ, սակայն այլ ելք չկա։ Ու հատկանշական է, որ ժամանակաշրջանը, մարդիկ ու աշխարհագրական տարածքը, սովորաբար, թողնում են իրենց ազդեցությունները։
Մոցարտի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն այդ անվերջության մեջ կան դրվագներ, պատմություններ, որոնք անգին են ու հիշարժան։ Մոցարտը շատ էր կապված իր մոր հետ, ու մոր և որդու հարաբերությունները յուրահատուկ էին։
Մոցարտը սիրում էր ճամփորդել, սակայն ոչ բոլոր վայրերն էին նրա համար սիրելի։ 1778 թվականին նա գալիս է Ֆրանսիա՝ Փարիզ, սակայն այդպես էլ չի կարողանում ընտելանալ Փարիզին, չի կարողանում սիրել ֆրանսիացիներին։ Այ ամենին գումարվում է աղքատությունն ու մոր մահը։ Այս ողբերգությունը կրկնապատկվում է, քանի որ Մոցարտն աշխատանք ու գումար չունենալու պատճառով չէր էլ կարող կազմակերպել մոր հուղարկավորությունը։ Մոցարտը գրում է մի ծավալուն նամակ իր ծննդավայր՝ Զալցբուրգ, որտեղ ապրում էր իրենց ընտանիքի բարեկամ, մեծահարուստ աբբա Բուլինգերը։ Մոցարտը խնդրում է, որպեսզի Բուլինգերն իր հորը հայտնի ծանր կորստի մասին, ինչպես նաև օգնի, որպեսզի կարողանա կազմակերպել մոր հուղարկավորությունը։
«Սգացեք ինձ հետ միասին, իմ ընկեր։ Սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրն այլևս չկա»:
Սա երկար նամակից մի փոքրիկ հատված էր։ Յուրաքանչյուր ընթերցող կարդալիս տառերի տակ կզգա մեծ մարդու վիշտը։
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ արժեքավոր նամակը պահվում է Հայաստանում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում։ Նամակը Հայաստանում է գտնվում շնորհիվ հանրաճանաչ, հայազգի երաժիշտ Վասիլի Կորգանովի, ով սիրում էր գնել հայտնի մարդկանց ձեռագրեր, նամակներ ու իրեր։
Հավելենք նաև, որ NEWSPRESS.am-ը ներկայացրել է նաև Հայաստանում պահվող մեկ այլ արժեքավոր փաստաթղթի՝ Նապոլեոն Բոնապարտի հրաժարականի մասին։