Արցախում մոտենում են սպաներին և զինծառայողներին ու հորդորում մասնակցել հանրահավաքներին
Արցախի պաշտպանության նախարարությունն ահազանգ է ստացել՝ ինչ-որ մարդիկ մոտենում են սպաների և զինծառայողների ու ասում, որ գնան, մասնակցեն հանրահավաքների:
Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ խոսելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից:
«Այդ զինծառայողները մեզ զգուշացրել են, և մենք բոլորին ասել ենք, որ օրենքով և Սահմանադրության համաձայն՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ լինել, մասնակցել հավաքների»,- ասաց նախարարը:
Լևոն Մնացականյանը հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե այս ահազանգերը կապ ունեն նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ։