«Եթե այս շաբաթ էլ աշխատավարձ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»․ Արարատ Միրզոյանը նաիրիտցիներին տված խոստումը չի կատարել
«Նաիրիտ»-ի աշխատակիցները նորից իրենց խաբված են զգում․ նրանց աշխատավարձն արդեն 7 ամիս է՝ չեն տալիս։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանք նկատեցին, որ արդեն մեկ ամիս է, ինչ դիմել են կառավարություն և տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վճարել իրենց, սակայն մինչև օրս իրենք ոչ մի գումար չեն ստացել։
Գործարանի աշխատակիցները, մինչ այս, մեզ հետ զրույցում նշել էին, որ իրենց աշխատավարձերը ստանալու համար պատրաստ են նույնիսկ փողոցներ փակել։
«Փաշինյանը որոշում ա կայացրել ու հանձնարարել ԱԻՆ-ին՝ լուծել մեր հարցերը, սակայն դեռ մեզ փող չեն տվել․ եթե Փաշինյանը իմանա՝ մեր խնդիրը կլուծի»,- ասաց աշխատակիցներից Արտաշ Բաղդասարյանը։
Նա նաև նշեց, որ դեռ հուլիսի 9-ին, երբ եկել էին դարձյալ իրենց բողոքի ակցիան կազմակերպել կառավարության շենքի դիմաց, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իրենց տուն է ուղարկել՝ հավատացնելով, որ նաիրիտցիներն առավելագույնը մինչև մյուս շաբաթվա սկիզբն աշխատավարձերը կստանան։ Նշված ժամկետում, սակայն, աշխատողները դարձյալ ձեռնունայն են մնացել։ Արարատ Միրզոյանը նաիրիտցիներին ասել է թե՝ «տեխնիկական պատճառներով չի եղել, եթե այս շաբաթ էլ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»։
Գործարանի անվտանգության 116 աշխատակիցները պայմանագիր են կնքել ԱԻՆ-ի հետ։ Այս պայմանագրի ժամկետը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, որից հետո աշխատանքից ազատվելու հրաման չեն ստացել և շարունակել են աշխատել։ Այժմ նրանք պահանջում են վերագործարկել գործարանն ու վճարել իրենց վաստակած գումարը։