«Սազո՞ւմ ա ինձ, հա՞»․ Փաշինյանին սուպերվարչապետի «պատմուճանը» դուր է եկել․ նա դեռ սուպերվարչապետից վարչապետ չի դառնա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի հատուկ Սերժ Սարգսյանի համար «կարված» սուպերվարչապետական «պատմուճանից», բայց` ոչ հիմա։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նրանց հարցին, այդ մասին ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդհատեց լրագրողի այն հարցը, թե նա ինքն էր ժամանակին քննադատում սուպերվարչապետի «պատմուճանը», որը Հրայր Թովմասյանը կարել էր հատուկ Սերժ Սարգսյանի հագով։ Չէր հասցրել լրագրողը հարցնել, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարվել Փաշինյանը սուպերվարչապետության լիազորություններից, երբ Փաշինյանը ծիծաղելով հարցրեց՝ «Սազո՞ւմ ա ինձ, հա՞»։
Ապա, լսելով հարցն ամբողջությամբ, նկատեց, որ պատրաստվում է հրաժարվել լիազորություններից, բայց միայն այն ժամանակ, երբ համակարգն ամբողջությամբ «կբալանսավորվի»։
«Ընդհանուր պետական կառավարման համակարգում մենք բալանսավորման քաղաքականության պետք է գնանք, որ պետական համակարգի կայունությունը չխաթարենք, իսկ այդ բալանսավորումը մի օրում չի կարող տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը՝ զարմացած իր հարցադրումն ուղղելով՝ «Իսկ ո՞վ է ասել, որ բալասնավորումը պետք է տեղի ունենա նախագահի և վարչապետի միջև»։ Ապա լրագրողներին հարց ուղղեց․ «Հիմա դուք, օրինակ, գիտե՞ք, թե ով է Գերմանիայի Դաշնության նախագահը»։
Երբ լրագրողները նրան դրական պատասխան տվեցին, Փաշինյանը դարձյալ ծիծաղեց ու իր պատկերացմամբ՝ կատակեց․ «Հա, շնորհավորում եմ ձեզ էդ կապակցությամբ, որովհետև շատերը չգիտեն։ Ձեզ խորհուրդ եմ տալիս «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին մասնակցել։ Հաջողություն կունենաք անպայման»։
Ապա, անդրադառնալով հարցին, նկատեց, որ Սահմանադրությամբ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի և վարչապետի միջև, այլ՝ կառավարության և Ազգային ժողովի։
«Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը։ Եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ երկրում պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է։ ՀՀ-ը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը»,-ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար ևս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացվեն։ Հարցին, թե ե՞րբ պետք է այդ ամենը լինի, Փաշինյանն ասաց՝ «հընթացս»։