Ինչո՞ւ էր դատախազը «միտինգ» անում. Կաթողիկոսի եղբորորդին կպատժվի՞
Այս ընթացքում, երբ պետական տարբեր օղակներում վերադասավորումների ակտիվ շրջափուլ է, լավ հնարավորություն է, որպեսզի կառույցները սկսեն ինքնամաքրվել: Դրա լավագույն տարբերակը Կառավարության գործերի կառավարչի ազատումն էր զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս իրեն թույլ էր տվել գործողություններ, որն իր լիազորությունների շրջանակում տեղ չէր գտնում, մյուսն էլ՝ խոսնակ էր, ով իր կարգավիճակին ոչ հարիր «խոսքի ազատություն» էր դրսևորել:
Հաջորդ հեռացողը, երևի թե, պետք է լինի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր որդին՝ Արմավիրի դատախազ Կորյուն Ներսիսյանը, ով աշխատանքային ժամին հայտնվել էր կաթողիկոս հորեղբոր կողմնակիցների և նրա դեմ բողոքի ակցիա իրակացնողների միջև բախման կիզակետում:
Բանն այն է, որ նա հայտնվել էր ոստիկանության գործողությունների ժամանակ և ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերել, անգամ՝ հայհոյախառն արտահայտություններով խոսել նաև ոստիկանների հասցեին՝ այդպիսով իր աջակցությունը ցուցաբերելով Կաթողիկոսին:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ծառայողական քննություն է ընթանում:
Ի դեպ, այդ նույն պատասխանը Խաչատրյանը դեռևս օրեր առաջ էր տվել և, փաստորեն, այդ ծառայողական քննությունն այնքան բարդ մաթեմատիկական հաշվարկների հիման վրա է կատարվում, որ դժվար է հրապարակված տեսանյութում նկատել Կորյուն Ներսիսյանին և նրան հարցնել՝ ինչո՞ւ եք հայտնվել այդտեղ:
Սա խոսում է այն մասին, որ Գլխավոր դատախազը պարզապես չի ցանկանում հարցին այլ լուծում տալ և ամեն կերպ փորձում է իր ենթակայի այդ քայլը կոծկել:
Դե իսկ ի՞նչ է մնում անել՝ սպասել անվերջանալի թվացող ծառայողական քննության արդյունքներին: