Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:
Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: