Նոր իշխանությունը բանակցային սեղանին պետք է դնի նաև Նախիջևանի հարցը. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը վստահեցնում է՝ և՛ Ղարաբաղի, և՛ Նախիջևանի հարցը նոր փուլ մտավ այն պահից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այլևս բանակցային գործընթացում չի խոսի Արցախի փոխարեն:
Քաղաքագետը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ երկար տարիներ լինելով այս հարցի քննրակումների մեջ ու ուսումնասիրելով այն՝ անորոշության մեջ է հայտնվել, քանի որ գոնե իր համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ իմաստով են մտնելու բանակցությունների գործընթաց:
«Խնդիրը դրված է այսպես. եթե նոր իշխանություններն ասում են՝ Ղարաբաղի ներկայացուցիչների փոխարեն չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ, նշանակում է, որ բանակցություններին ՀՀ-ն ինքն իրեն է ներկայացնելու, այստեղ այն վտանգը կա, որ ՀՀ-ն դառնում է Ղարաբաղյան հակամարտության կողմ, մի բան, որը Բաքվի նպատակն է»,- ասում է Ալեքսանդր Մանասյանը և հիշեցնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստում է Արցախի փոխարեն:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ երբ հայտարարվում է, որ Հայաստանը բանակցելու է ո՛չ թե Արցախի, այլ հենց իր փոխարեն՝ նշանակում է նա դառնում է հակամարտության կողմերից մեկը: Ալեքսանդր Մանասյանն ընդգծում է, եթե նոր իշխանությունը մտնում է նման գործընթացի մեջ, ապա հազար անգամ պետք է կշռի, քանի որ այդ հայտարարությունները կարող են օգտագործվել բոլորովին այլ իմաստներով մեր հակառակորդի կողմից:
«Իմ կարծիքով՝ Բաքուն վերջին լարումներով փորձում է ստիպել ՀՀ իշխանություններին, որ իրենք հենց իրենց անունով նստեն բանակցությունների շուրջ, իսկ ինքը շարունակի չխոսել Արցախի հետ: Սա վերջին իրադարձությունների դիվանագիտական կողմն է»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց նաև, որ պետք է լավ մշակվեն այդ բանաձևերը՝ արդյոք Հայաստանը ներկայանո՞ւմ է որպես հակամարտության կողմ, թե՞ ոչ, ու եթե ներկայանում է, ապա ի՞նչ հարցերով է ներկայանում: Ինչպես նաև պետք է մտածել, թե այդ սեղանի շուրջ ինչպե՞ս պետք է բարձրացվի Նախիջևանի հարցը:
«Նախիջևանի հարցը հեշտ չի դնել սեղանին, քանի որ բարձրացնել Նախիջևանի խնդիրը, նշանակում է՝ հակառակվել Ռուսաստանին»,-ասում է քաղաքագետն ու հավելում, որ Նախիջևանի խնդիրը քաղաքական քննարկումների դաշտից դուրս է մնացել նախկին 3 նախագահների մեղքով: