ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող ԱԺ նիստում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»: