«Ի՞նչ տարբերություն՝ զինվորի հացն են գողացե՞լ, թե՞ զինվորի ընտանիքի տունը. սա կռուպնի թալան ա». «Նորաշեն 2007»-ից տուժած բնակիչներ
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչների դիմումին ի պատասխան՝ նոր կառավարության ներկայացուցիչները ասել են, թե մարդկանց դիմումներն ու խնդիրներն այնքան շատ են, որ չեն հասցնում անդրադառնալ:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչներից Արուսյակ Վանյանը նկատում է, որ եթե արդեն 10 տարի իրենց խնդիրը չի լուծվում, իսկ ե՞րբ է իրենց ժամանակը հասնելու:
«Ինչ տարբերություն՝ զինվորի հացն են գողացե՞լ, թե՞ զինվորի ընտանիքի տունը ու փողոց գցել նրան: Մանվելի թալանից ինչով է զիջում մեր սեփականության թալանը»,-ասում է Արուսյակ Վանյանը:
Նա վստահեցնում է, որ բոլոր վաշխառուները պաշտոնավորներ են, ովքեր կեղծ թղթեր են վերցրել կադաստրից և գրավ են դրել իրենց բնակարանները:
«Դատարանն իրենց չպատժեց, բայց մեզ գցեցին փողոց... սա վերևից կազմակերպված կրուպնի թալան էր, որ իրականացվեց մեր դեմ»,-ասում է բնակչուհին:
Բնակիչներից Մելիք Շահինյանն էլ նկատում է, որ այսօր ինչ-որ չափով հույս է արթնացել, որ կփոխհատուցեն իրենց կրած վնասը, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել:
Հիշեցնենք նաև, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Շատերն անգամ վճարել են բնակարանի ամբողջ գումարը:
Հայտնվելով ֆինանսական ծանր վիճակում՝ կառուցապատողներն սկսել են բնակարանները գրավադրել և տոկոսով գումարներ վերցնել: Բնակարաններից 14-ը գրավադրվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ: Մինչև այսօր բնակարանների մի մասը ամուսինները չեն վերադարձնում, իսկ բնակարանների սկզբնական գնորդները մնացել են անօթևան: