Ձախողված գեներալը...
Այսօր Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, ՀՀԿ-անների մի մասն արդեն կողմ է արտահայտվել անձեռնմխելիությունից զրկելուն։
Իսկ ո՞վ էր մեղավոր, որ Մանվելը հասավ մինչև Ազգային ժողով, նաև հասավ այնտեղ, որ ձերբակալվի։ Իհարկե՝ ՀՀԿ-ն․ ինչո՞ւ։
Եթե Գեներալ Մանվելը զինվորական էր, եթե ոչ մասնագիտության, ապա իրերի բերումով, նա Ազգային ժողովում գործ չուներ անելու, նրա գործը սահմաններ հսկելն էր, ոչ թե փափուկ կյանք վայելելը տանը կամ էլ պատգամավորական աթոռին։
Մեղավորը նրան ճանապարհ տվողներն են, թև ու հույս տվողները, որ նա կարող է ավելին, քան է։
Չէ՞ որ իրականում նա ընդամենը սովորական գյուղի աշխատավոր էր, որ իրերի բերումով հասավ այնտեղ, որտեղ հասավ։ Հետագայում, իհարկե, նա իր կրթության ցանկը «համալրել էր» համալսարաններով՝ ինչպես իսկական ՀՀԿ-ական, սակայն իրականում նա որևէ գործ չուներ ԱԺ-ում։
Զինվորականը՝ ծառայության մեջ, թե ոչ, պետք է լինի սահմաններում, պետք է հետևի և օգնի բանակին՝ ինչով կարող է, պետք է նրա անդամները պատրաստ լինեն սահմանին անհանգստության դեպքում իրենք ևս հասնեն սահման և այն չթողնեն միայն 18-20 տարեկան երիտասարդներին։
Գուցե հիմա մտածեն ԵԿՄ-ն փակելու մասին, բայց մի բան կա․ պատերազմը դեռևս ավարտված չէ, և ԵԿՄ-ն պետք է ղեկավարի զինվորական մարդ և ոչ թե ամեն օր պարտաճանաչ գնա Ազգային ժողով, այլ պարտաճանաչ աջակցի բանակին, լուծի թերությունները, որոնք գուցե զինվորականների աչքից սպրդում են, իսկ դրանք միշտ էլ կան ու կլինեն։
Սա էր Մանվելի գործը, որ ձախողեց՝ որպես բանակի մարդ և այն, ինչ նա արել էր պատերազմի տարիներին՝ ուղղակի կարողացավ մեկ վայրկյանում կորցնել։
Բացի այն, որ կորցրեց, այլև խայտառակության ողջ փաթեթը «սեփականաշնորհեց», որ կործանումն ավելի տպավորիչ լինի։
Պատահական չէ, որ նման խայտառակությունից նա վատացել է և միայն ճաղերի հետևում կարող է ըմբռնել, թե ինչ ուներ և ինչ կորցրեց․ ազատության մեջ նման ըմբռնումները դժվար է յուրացնել. դրա համար խաղեր են պետք։
Ընկնել էր պետք՝ հասկանալու, որ ինքը զենքի մարդ էր և անկախ կրթությունից, պետք է զինվորականի իր պատիվը պահեր, ոչ թե օրերն ավարտեր խայտառակության, ամոթի, գողի և պատվազուրկի փշե-պսակով..