«Աղձք»-ում 4-րդ դարով թվագրված կառույց է հայտնաբերվել
Արդեն մի քանի տարի է՝ պեղվում է «Աղձք»-ի հայոց արքաների դամբարանը, որտեղ վերջերս պեղումների արդյունքում հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց: Տապանաքարերը եզակի էին. դրանց տեղակայման վայրը խոսում է այն մասին, որ այդտեղ ամփոփված է ինչ-որ նշանավոր տոհմի ներկայացուցիչ: Հայտնաբերվել է հսկայական պալատական կառույց՝ 30 մ երկարությամբ և 15 մ լայնությամբ. սա վաղմիջնադարյան միակ հստակ 4-րդ դար թվագրվող կառույցն է: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Նա նաև հաղորդեց, որ վաղ միջնադարյան տապանաքարերի գյուտն է՝ այն այդպես անխառն վիճակով մեզ հասած վաղ միջնադարյան գերեզմանոց է, որտեղ թաղված պետք է լինեին հայոց երկրի մեծերը՝ հոգևոր և աշխարհիկ տերեր. տապանաքարերի վրա կան նաև մեսրոպատառ արձանագրություններ:
«Վաղ միջնադարյան եկեղեցիների վրա արձանագրություններ չեն եղել, և այս տապանաքարերը հենց այդ տեսակետից կարևոր են: Հայտնաբերված տապանաքարերի ուսումնասիրության համար փորձագետներ են պետք, մարդաբաններ, ֆինանսական միջոցներ»,- ասաց Սիմոնյանը:
Բանախոսն առանձնացրեց խաչ հայտնաբերելու փաստը, որ փորագրված է եղել տապանքարի վրա, որից ենթադրել են, որ տապանաքարը նախատեսված է եղել երևելի անհատի համար:
Միաժամանակ պատմաբանը շեշտեց պեղումների խնամքով անցկացնելու անհրաժեշտության մասին, բացի այդ նման պեղումները կարևոր են զբոսաշրջության տեսանկյունից, սակայն Աղձքում անգամ համապատասխան ենթակառուցվածքներ չկան:
«Մենք նման ենք մի գերժամանակակից մեքենայի տիրոջ, որ ունի հզոր շարժիչ, բայց ափսոսում է բենզին լցնել և հրելով է առաջ տանում»,- ամփոփեց Հակոբ Սիմոնյանը: