Կառավարության ծրագիրը հունիսի 7-ին կդրվի քննարկման
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին: Նոր կառավարության գործունեության նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է:
Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը և այլն:
Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը:
Նշվում է, որ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում նաև քննարկվելու է Կառավարության ծրագիրը:
Լուրեր կան, որ ՀՀԿ-ականները «ատամները սրած» սպասում են կառավարության ծրագրին, որպեսզի բզկտեն: