1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը (լուսանկարներ)
Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ՝ անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ քարտեզի վրա։
1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:
Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.
«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:
1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել: 1920 թվականի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին` Զանգեզուր, օգոստոսին` Նախիջեւան, առանց հայկական զինված ուժերի դիմակայության:
1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: